Հրաչյա Բունիաթյանի Անվան Գավառի Պատկերասրահ
Հրաչյա Բունիաթյանի քաղաքին նվիրաբերած սեփական հավաքածուի հիման վրա, 1991թ-ին, ստեղծվել է Գավառի պատկերասրահը։ Այն Ազգային Պատկերասրահի մասնաճյուղ է, և այն միակն է մասնաճյուղերից, որի հավաքածուն կազմված է ոչ թե պետական ֆոնդերից, այլ նվիրաբերվել է մասնավոր անձի կողմից: Այստեղ ցուցադրված է 19-20-րդ դդ. հայ և ռուս անվանի նկարիչների ստեղծագործություններ (գեղանկար, գծանկար, փորագրություն, քանդակ)։
Ցուցադրությունը բաղկացած է 40 թանգարանային նմուշներից։ Այստեղ ցուցադրված են Եղիշե Թադևոսյանի, Էդգար Շահինի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Ալխազյանի, Հակոբ Կոջոյանի, Հովհաննես Զարդարյանի, Գևորգ Գրիգորյանի, Խաչատուր Եսայանի գործերից: Հավաքածուն ներկայացնում է նաև արվեստագետների մեկ այլ սերունդ, որը հիմնվելով անցյալ դարերի հայ և համաշխարհային արվեստի ավանդույթների վրա, շարունակելով նախորդների բարձրագույն նվաճումները, ստեղծել է ժամանակին համահունչ նորը, սեփականը, ազգայինը` Մինաս Ավետիսյան, Ռուբեն Ադալյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Մարտին Պետրոսյան և այլք:
Հավաքածուի ռուսական արվեստի բաժնում առանձնակի ուշադրության են արժանի իրենց ստեղծագործական գործունեությունը դեռևս 19-րդ դարի վերջում սկսած հանրաճանաչ նկարիչներ Ա. Օստրոումովա-Լեբեդևայի, Ա. Ֆոնվիզինի և Գ. Վերեյսկու գրաֆիկական գործերը։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:40
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 1500 դրամ է։
Մուտքի տոմս - 1000դրամ
Երեխաների/թոշակառուներ/ուսանողների տոմս - 500դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։